Կենդանական և բուսական ծագման օրգանական թափոնները կամ կենսազանգվածը այն հիմնական հումքն է, որից ստանում ենք բիոգազ։
Կախված այդ թափոնների ծավալից, բաղադրությունից և այլ հատկություններից՝ բիոգազի ծավալը և բաղադրությունը ևս կարող են տարբեր լինել։ Բիոգազի հումքի մասին ավելի լայն պատկերացում կազմելու այս հրապարակման մեջ կդիտարկենք օրգանական թափոնների տեսակներն ու դրանց առանձնահատկությունները։
Բիոգազի արդյունաբերության համաշխարհային պրակտիկայում կովի կամ առհասարակ խոշոր եղջերավոր կենդանիների գոմաղբը համարվում է ամենատարածվածը։ Տարբեր հաշվարկներով մեկ գլուխ խոշոր եղջերավոր կենդանին կարող է ապահովել տարեկան 6-ից մինչև 35 տոննա ջրիկ գոմաղբ, որն էլ իր հերթին կարող է մշակվել, վերածվելով 257-1785մ3 բիոգազի։ Խոշոր եղջերավոր կենդանիների ստամոքսում մեթանոգեն բակտերիաների առկայությունը և մեզի բաղադրությունը նպաստում են այս հումքի արդյունավետությանը, մինչդեռ գոմաղբի ժամանակին չմշակելն ու բաց օդում փտման թողնելը մեծացնում է օդի աղտոտումը։
Խոզերի գոմաղբի մշակումն, ի տարբերություն խոշոր կենդանիների գոմաղբի, փոքր-ինչ ավելի աշխատատար է։ Բանն այն է, որ սալիկապատ ծածկույթ չունեցող ախոռներում պահվող խոզերի գոմաղբը բիոգազի ստացման նպատակով հնարավոր է կիրառել միայն ջրիկացնելու ու որոշակի հաճախականությամբ խառնելու արդյունքում։ Շատ հաճախ ռեակտորում խոզերի գոմաղբի խմորման արդյունավետությունը բարձրացնելու համար ավելացնում են նաև բուսական ծագման օրգանական թափոններ, օրինակ՝ սիլոս, ինչի հետևանքով մշակման ժամանակահատվածը կարող է զգալի երկարել։ Վերամշակման գրեթե նույն պատկերն ունի նաև ոչխարների և այծերի գոմաղբը։
Թռչնաղբի կուտակման պրոցեսը, պայմանավորված նրա ֆիզիկական չափերով, համեմատաբար դժվար է։ Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս թռչնավանդակներում թառեր տեղադրել, որոնք կօգնեն թռնաղբի ավելի մեծ, կողմնակի տարրերի հետ չխառնված ծավալ կուտակել կոնկրետ վայրում։ Թռչնաղբը կարող է բիոգազի հումք ծառայել թե՛ առանձին, թե՛ խոշոր կենդանիների գոմաղբի հեղանյութի հետ միախառնված։ Այս դեպքում, սակայն, վերամշակման պրոցեսը կարող է ավելի երկար տևել։ Թռչնաղբի վերամշակման վերաբերյալ ավելի մանրամասն կարդացեք մեր հրապարակման մեջ։
Կենդանական ծագում ունեցող օրգանական թափոնների վերամշակման արդյունքում արտադրվում է ոչ միայն բիոգազ, այլ նաև բիոպարարտանյութ, որը հարուստ է ազոտով, բարերար ազդեցություն ունի բույսերի համար և որ ամենակարևորն է, չի վնասում շրջակա միջավայրը։
Զարգացած երկրներում բիոգազ ստանալու համար կիրառվող մեծ տարածում ունեցող հումք են նաև բուսական ծագման օրգանական թափոնները, մասնավորապես՝ էներգետիկ մշակաբույսերը։ Ի տարբերություն վերը նշված հումքի տեսակների, որոնք բացի օրգանական թափոնները, նաև մսացու, բուրդ ու ձու են տալիս ֆերմերներին, էներգետիկ մշակաբույսերը աճեցվում և մշակվում են բացառապես էներգիայի ստացման համար։ Հետևաբար այս տեսակի հումքի աճեցումը, մշակումն ու կիրառումն ավելի մեծ ներդրում է պահանջում։
Որպես բիոգազի հումք կարող են կիրառվել նաև սննդամթերքի թափոնները, որոնց հսկայական էնեգետիկ պոտենցիալը ևս կարիք ունի վերամշակման և ուտիլիզացման։
Թե ինչ ծավալի բիոգազ կարող եք արտադրել ձեր տնտեսությունից ձևավորվող թափոններից, կարող եք հաշվել մեր բիոգազի հաշվիչի միջոցով։
Բիոգազ կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։


