Անաերոբ խմորման արդյունքում ստացված բիոգազի որակի և համապատասխան բաղադրության համար «պատասխանատու» են ողջ պրոցեսի մաս համարվող բոլոր փուլերը՝ կենսազանգվածի հավաքումից, պահեստավորումից մինչև բիոգազի ժամանակավոր պահպանման համար նախատեսված գազհոլդերները։
Հումքի պահեստավորումը բիոգազի արտադրության կարևոր փուլ է, այդ պատճառով պահանջվում են մի շարք ստանդարտներ և մասնագիտացված մոտեցում։ Այս փուլում կարևոր են հումքի պահեստավորման տեղը, ժամկետը և այլ գործոններ, որոնց սխալ պահպանման դեպքում կարող է վտանգվել վերջնական պրոդուկտի՝ բիոգազի բաղադրությունն ու որակը։ Գիտակցելով այս փուլի կարևորությունը՝ ցանկալի է բիոգազի կայան տեղադրելիս նախապատվությունը տալ այնպիսի ընկերություններին, որոնք ապահովում են նաև թրեյնինգներ և խորհրդատվություն ինչպես կայանի շահագործման, այնպես էլ մինչև վերամշակումն արվող պրոցեսների, այդ թվում նաև հումքի պահեստավորման վերաբերյալ։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենդանական ծագման օրգանական թափոնների, օրինակ՝ գոմաղբի դեպքում մեծ նշանակություն ունի հումքի թարմությունը։ Թարմ գոմաղբի էներգետիկ պոտենցիալը մեծ է, ինչն էլ ենթադրում է, որ դրանից ավելի մեծ ծավալի բիոգազ կարելի է արտադրել։ Հնանալով գոմաղբի էներգետիկ պոտենցիալը կորչում է, որի վերականգնումը ոչ միայն բարդ, այլ շատ դեպքերում նաև անօգուտ աշխատանք է։
Սակայն բիոգազի ծավալի վրա միայն հումքի վաղեմության ժամկետը չէ, որ ազդում է։ Մեծ նշանակություն ունի նաև այն, թե ինչ պայմաններում է պահպանվել հումքը։ Հումքի պահեստները պետք է մեկուսացված լինեն նախ տհաճ հոտերի տարածումից խուսափելու, ապա նաև կողմնակի տարրերի ներթափանցումը կանխելու նպատակով։ Մասնավորապես տհաճ հոտերը կանխելու նպատակով պահեստներում տեղադրում են հատուկ օդափոխման համակարգեր։
Ինչ վերաբերում է կողմնակի տարրերը հումքից զատելուն, ապա այստեղ մեծ նշանակություն ունի հումքի տեսակը։ Օրինակ՝ թռչնաղբի կուտակման պրոցեսը, պայմանավորված նրա ֆիզիկական չափերով, համեմատաբար դժվար է։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում թռչնավանդակներում թառեր տեղադրել, որոնք կօգնեն թռնաղբի ավելի մեծ, կողմնակի տարրերի հետ չխառնված ծավալ կուտակել կոնկրետ վայրում։
Գոմաղբի դեպքում հումքի պահեստավորման ժամանակ երբեմն զանգվածի մեջ հայտնվում են քարեր, որոնք եթե բահով հնարավոր չէ հեռացնել, ապա կիրառվում են հատուկ սեպարատորներ։
Հումքի պահեստավորման ժամանակ պահանջվող մյուս կարևոր չափանիշը խոնավությունից, ջրից զերծ միջավայրի ստեղծումն ու պահպանումն է։ Ջուրն, առհասարակ, բացասական ազդեցություն ունի մեթանոգեն բակտերիաների վրա։ Այդ պատճառում մինչև անօդ պայմաններում՝ ռեզերվուարում հայտնվելը, անհրաժեշտ է խոնավազերծել հումքը, հեռացնել ծծմբաջրածինը, այսինքն՝ ֆիլտրացնել այն։
Մեր կայքի բիոգազի հաշվիչի միջոցով կարող եք հաշվել, թե ինչ ծավալի բիոգազ կարող եք ստանալ ձեր տնտեսությունից ձևավորված թափոններից։
Հումքի վերամշակման և բիոգազ կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։


