Մեր ընթերցողներին արդեն հայտնի է, որ բիոգազը անաերոբ խմորման եղանակով աշխատող կայանի աշխատանքի միակ պրոդուկտը չէ։ Բիոգազի կայանները աչքի են ընկնում իրենց արդյունավետությամբ և արտադրանքի տեսականիով, որի մեջ մտնում է նաև բիոպարարտանյութը։
Հայտնի է, որ օրգանական թափոններից կազմված հումքը, ենթարկվելով անաերոբ, այսինքն՝ առանց թթվածնի պայմաններում խմորման, վերածվում է բիոգազի։ Սակայն պրոցեսն այդքանով չի ավարտվում․ հումքի 15%-ը դուրս է գալիս չոր բիոպարարտանյութ։
Իսկ ի՞նչ տարբերություն կա չմշակված, թարմ գոմաղբի և բիոպարարտանյութի մեջ
Միջին հաշվարկներով 1 տոննա թարմ գոմաղբի բաղադրության մեջ առկա են ամենատարբեր տեսակի մոլախոտերի մոտ 10 հազար սերմ, որոնք, հողի վրա հայտնվելով, բարենպաստ միջավայր են գտնում աճելու համար և այդ կերպ խանգարում են մշակվող բույսերի աճին։
Թարմ գոմաղբի մեջ առատ քանակությամբ վնասակար բակտերիաներ կան, որոնք մեծ վտանգ են ներկայացնում ինչպես բույսերի ու հողի, այնպես էլ հետագայում այդ բուսատեսակներով սնվող մարդկանց առողջության համար։ Մինչդեռ կայանում խմորման ընթացքում հումքն ամբողջովին ախտահանվում և վնասազերծվում է, ինչը նշանակում է, որ պաթոգեն բակտերիաները զրկվում են կենսունակությունից և այլևս ունակ չեն բազմանալու և շրջապատի համար վտանգավոր լինելու։
Ազոտի առկայությունը պարարտանյութի մեջ նպաստում է նրա արդյունավետությանը և սննդարարությանը։ Երբ չվերամշակված գոմաղբը թողնվում է փտման, ապա նրա բաղադրության մեջ առկա ազոտի մոտ 50%-ը կորչում է, իսկ բիոգազի կայանում առանց թթվածնի պայմաններում խմորման ենթարկվելով՝ հումքը պահպանում է ազոտի հնարավոր առավելագույն քանակությունը և այդ իմաստով ավելի սննդարար է համարվում, քան չվերամշակված գոմաղբը։
Բիոպարարտանյութի մեջ ազոտի քանակությունը նպաստում է նաև մաշված հողերի վերականգմանը և վերակենդանացմանը։
Կա շատ էական ևս մեկ տարբերություն պարարտանյութի և բիոպարարտանյութի միջև, որը երևելի է դառնում կիրառման ժամանակ․ սեզոնին հողից հեռանում է կիրառված պարարտանյութի մոտ 80%-ը, մինչդեռ բիոպարարտանյութն այնքան լավ է կլանվում հողի ու բույսերի կողմից, որ հեռացման ժամանակ բիոպարարտանյութի միայն 15% է հեռանում։
Ի՞նչ ենք մենք ստանում արդյունքում
Արդյունքում բիոգազի կայանի շնորհիվ մենք անասնապահական տնտեսությունից ձևավորված թափոններից ստանում ենք առավելագույն շահույթ.
Ձևավորված մեծ քանակությամբ օրգանական թափոնները օգտագործվում են, և ուտիլիզացիայի խնդիրը այդ կերպ լուծվում է։
Թափոնները վերամշակելով ստանում ենք բիոգազ, որի արդյունավետության ու կիրառության մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր բլոգում։
Բիոգազ արտադրելու ընթացքում ստանում ենք նաև ազոտով հարստացված, որակյալ և սննդարար բիոպարարտանյութ, որն, ինչպես նշեցիք, շատ առումներով ավելի ձեռնտու և արդյունավետ է, քան թարմ կամ չմշակված գոմաղբը։
Մեր կայքի բիոգազի հաշվիչի միջոցով կարող եք հաշվարկել ինչպես ձեր տնտեսությունից ձևավորված թափոններից արտադրվելիք բիոգազի, այնպես էլ բիոպարարտանյութի ծավալը։


