Շատ է խոսվել այն մասին, որ օրգանական թափոնների վերամշակման արդյունքում ստանում ենք հիմնական երկու պրոդուկտ՝ բիոգազ և բիոպարարտանյութ։ Մեր երկրի տնտեսական զարգացման և պահանջների ֆոնին այս երկու պրոդուկտներն էլ աչքի են ընկնում իրենց շահավետությամբ, մատչելիությամբ և կարևորությամբ։ Սակայն տեղին ենք համարում ընդգծել օրգանական թափոնների վերամշակման արդյունքում ստեղծվող մի ենթապրոդուկտի՝ բիովառելիքի կարևորությունը, որին էլ կանդրադառնանք հետևյալ հրապարակման մեջ։
Բիոգազի կայանից դուրս եկող բիոգազը ֆիլտրացումից հետո պարունակում է մեթան և ածխաթթու գազ։ Երբ արդեն ստացված բիոգազն անց ենք կացնում հարստացման կայանով, նրանում առկա մեթանը զատվում է ածխաթթու գազից։ Սակայն մեթանի բաղադրության մեջ շարունակում է մնալ 1-2% ածխաթթու գազ, իսկ ածխաթթու գազի մեջ՝ նույնչափ մեթան։ Արդյունքում ստացվում է բիոմեթան, որն ի տարբերություն սովորական մեթանի, ծագում է ոչ թե երկրի ընդերքից, այլ՝ բիոգազի արտադրության հետևանքով։
Բիոմեթանի մեջ մեթանի քանակությունը շատ բարձր է, գրեթե 98-99%, իսկ մեթանը, որպես վառելիք ունի ավելի բարձր ջերմատվություն, քան բենզինը։ Այսինքն՝ 1մ³ բիոմեթանով ավտոմեքենան ավելի մեծ հեռավորություն կհաղթահարի, քան 1լ բենզինով։
Զարգացած շատ երկրներ կենսագազի՝ որպես ավտոմեքենաների վառելիք կիրառության հարուստ փորձ ունեն։ Օրինակ Չինաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Միացյալ Թագավորությունում, Սկանդինավյան երկրներում մեծ ծավալի ներդրումներ են արվում այս ոլորտում, որի արդյունքում հետզհետե բիոմեթանը սկսում է փոխարինել հանածո վառելիքին։ Օրինակ, Բեռլինում հանրային տրանսպորտի զգալի մասը բիոմեթանով է աշխատում։ Նույնը կարելի է ասել գերմանական մայրաքաղաքի թափոններ հավաքող մեքենաների մասին, որոնց մեծ մասը աշխատում է իրենց իսկ հավաքած թափոններից արտադրված բիոմեթանով։ Մի քանի զարգացած երկրներում նույնիսկ իշխանությունները հարկազատման որոշակի քաղաքականություն են մշակել տրանսպորտային այն միջոցների համար, որոնք կաշխատեն բիոմեթանով։
Վերամշակելով օրգանական թափոնները՝ բիոգազի արտադրությունը կրճատում է շրջակա միջավայրի թափոնների քանակը, նվազեցնում մթնոլորտում առկա ջերմոցային գազերի ծավալը։ Բիոգազի էկոլոգիական նշանակությունը հայտնի է բոլորին, սակայն պակաս կարևոր չէ նաև նրա տնտեսական դերը․ վառելիքի շարունակ աճող գների և դրսից կախյալ վիճակում գտնվելու ֆոնին մեծ նշանակություն ունի տեղական արտադրության վառելիքի գոյությունը։ Այս առումով ներքին սպառման համար արտադրվող բիոգազը, ի թիվս այլ առավելությունների, բիոմեթանի տեսքով կարող է էապես կրճատել մեր երկրում վառելիքի պահանջները, որոշակիորեն բարելավել բնակչության տնտեսական վիճակը, դեռ ավելին՝ հոգեբանորեն ոգեշնչել մարդկանց սեփական ռեսուրսներով ստեղծելու օգտակար արժեք։
Թե ինչ ծավալի բիոգազ կարող եք արտադրել ձեր տնտեսությունից ձևավորվող թափոններից, կարող եք հաշվել մեր բիոգազի հաշվիչի միջոցով։
Բիոգազի կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։


