Բիոգազի արտադրությունը վաղուց արդեն իր հաստատուն տեղն ունի այլընտրանքային էներգիայի տեսակների շարքում և իր առավելություններով ոչ միայն չի զիջում, երբեմն նաև գերազանցում է դրանց։
Վերականգնվող էներգիայի ցանկացած տեսակի նախապատվությունը տալիս՝ մենք առաջնորդվում ենք մի շարք չափանիշներով, որոնք ապահովում է տվյալ տեսակը։ Այդ չափանիշներից են, օրինակ, ետգնման կարճ ժամանակատահատվածը, տեղադրման ճկունությունը, էկոլոգիապես անվտանգ բնույթը և այլն։ Ստորև ներկայացնենք նշված և մյուս չափանիշների առկայությունը բիոգազի արտադրության դեպքում։
Ետգնման ժամանակահատվածն այն կարևոր հարցն է, որով հետաքրքրված են բիոգազի կայան տեղադրող ֆերմերը կամ ընկերությունը։ Բնականավար, որքան մեծ է բիոգազի կայանը և որքան մեծ է կենսազանգվածի՝ օրգանական թափոնների ծավալը, այնքան ավելի կարճ է ետգնման ժամանակահատվածը։ Այնուհանդերձ, ի տարբերություն վերականգնվող էներգիայի մյուս տեսակների, բիոգազի կայանի տեղադրման համար արված ներդրման ետգնման ժամանակահատվածը շատ դեպքերում կազմում է առավելագույնը հինգ տարի։
Ինչ վերաբերում է բիոգազի աղբյուրի, այսինքն՝ նրա հումքի վերականգնվող բնույթին, ապա կենսազանգվածն անընդհատ աճող, վերականգնվող աղբյուր է։ Մանավանդ Հայաստանում ոչ միայն առկա է կենսազանգվածի՝ կենդանական և բուսական ծագման թափոնների պարբերաբար աճող մշտական ծավալ, այլ նաև կա դրա իրացման խնդիր ու պահանջ, որը հնարավոր է լուծել կամ առնվազն նվազեցնել դրանց վերամշակման և արդյունքում բիոգազի ստացման շնորհիվ։
Բիոգազի արտադրությունը մեզ հետաքրքրում է նաև նրա կայանի տեղադրման ճկունության տեսականկյունից։ Բիոգազի կայանը հնարավոր է տեղադրել և տարածքը էներգիայով ապահովել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա՝ լինի դա գյուղական տնտեսություն, մեծ ֆերմա, թե սպանդանոց՝ անկախ դրանց տեղակայման վայրից։ Այս առավելությունը հնարավորություն է տալիս անկախ լինել գազատար խողովակից կամ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցից, ունենալ սեփական էներգիա, օգտագործել այն կենցաղում կամ տնտեսության կազմակերպման համար։
Ի վերջո բիոգազի արտադրությունը միայն բիոգազով չի ավարտվում։ Փաստացի, բիոգազն օրգանական թափոնների մշակման արդյունքում ստացված միակ պրոդուկտը չի։ Կենսազանգվածի վերամշակման արդյունքում ստանում ենք նաև ազոտով հարուստ բիոպարարտանյութ, որը կենարար նշանակություն ունի հողի և բույսերի համար։ Բիոպարարտանյութը պահպանում է գոմաղբում առկա սկզբնական բոլոր օգտակար նյութերը, իսկ պաթոգենները՝ վերացնում քայքայման գործընթացում։ Այն հարուստ է հումուսով, չի վնասում բույսերին, կենդանացնում է մաշված հողերը։ Բիոպարարտանյութի առանձնահատկություններին առավել մանրամասն անդրադարձել ենք մեր բլոգում։
Օրգանական թափոնների վերամշակման արդյունքում ստացված բիոգազը հարստացման կայանով անցկացնելուց հետո նրա բաղադրության մեջ առկա մեթանը և ածխաթթու գազը զատվում են իրարից։ Այդպես ունենում ենք բարձր ջերմատվությամբ բիոմեթան, որը կարող է արդյունավետորեն կիրառվել որպես ավտոմեքենաների վառելիք։ Արևմտյան շատ երկրներ վաղուց արդեն լայնորեն կիրառում են բիոմեթանը տրանսպորտային միջոցների համար՝ այդ կերպ զարկ տալով տնտեսությանը։
Բիոգազի արտադրությունը աշխարհի շատ երկրներում աստիճանաբար դառնում է երկրի տնտեսության կարևորագույն մասերից մեկը, որը, բացի էներգիա արտադրելուց, լուծում է նաև մի շարք հիմնախնդիրներ, որոնք ծառացած են ոչ միայն տվյալ երկրի, այլ նաև Երկիր մոլորակի առջև։
Բիոգազի կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։


