Այսօր տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ բիոգազի արտադրությունը կարելի է նկարագրել մի քանի բառով՝ օրգանական թափոնից արժեք։ Սակայն այդ կարճ նախադասության ետևում տարիների, նույնիսկ դարերի հետազոտություններ ու փորձեր են։
Այո, այսօր արդեն գոյություն ունեն տարատեսակ սարքավորումներ, որոնք նվազագույնի են հասցնում մարդու մասնակցությունը բիոգազի արտադրության պրոցեսին՝ միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով վթարների ու պատահարների ռիսկերը։
Բիոգազի պրակտիկ կատարելագործմանը զուգահեռ զարգանում է տեսական ուսումնասիրությունը, որոնց հաջողված արդյունքը ձեռնարկների տեսքով հնարավորություն է տալիս կրթել, վերապատրաստել բիոգազի կայանները շահագործող անձնակազմին։
Այս բոլորի համակցությունն է, որ այսօր հումքից բիոգազ ճանապարհը դարձել է ավելի պարզ, արդյունավետ ու անվտանգ։ Իսկ ի՞նչ ճանապարհ է դա։
Ամեն ինչ սկսվում է հումքի ընտրությունից։ Կախված այն բանից, թե ինչ տեսակի ու ծավալի հումք ենք նախատեսում վերամշակել, հաշվարկվում է բիոգազի կայանի չափը, իսկ դրանով պայմանավորված նաև արտադրությանը մասնակցող սարքավորումների տեսակները, քանակը։
Մինչև կայանում հայտնվելը հումքը պետք է նախապատրաստվի։ Այսինքն՝ նախապես պետք է իմանալ և հաշվարկել, թե ինչ ջերմաստիճանի և խոնավության պայմաններում պետք է տեղի ունենա խմորումը և իհարկե այն, արդյոք միայն տվյալ հումքատեսակը կարող է բիոգազի՝ մեզ ցանկալի ծավալ ապահովել։
Մեծ դեր ունի ռեակտորը, որը, կարելի է ասել, բիոգազի կայանի սիրտն է։ Ռեակտորի պատրաստման նյութից ու տեսքից, չափերից, աշխատանքի ձևից և մյուս այլ հատկանիշներից է կախված խմորման որակը։
Հումքը, հայտնվելով ռեակտորի մեջ, անցնում է անաերոբ խմորման չորս փուլերը․
- Հիդրոլիզ
- Թթվեցում կամ ֆերմենտացիա
- Ացետոգենեզ
- Մեթանի և մյուս գազերի առաջացում
Ռեակտորի մեջ առանց թթվածնի միջավայր ապահովելուց և իհարկե այս բոլոր փուլերի պատշաճ կատարումից է կախված բիոգազի որակյալ և ցանկալի ծավալով ելքը։
Ստացված բիոգազը հավաքվում և պահվում է գազհոլդերներում, որոնք պարտադիր պետք է հերմետիկ լինեն՝ անկախ իրենց պատրաստման նյութից։ Գազհոլդերի չափսը, այսինքն՝ ծավալը, կախված է բիոգազի արտադրության և սպառման մակարդակներից։ Որպես կանոն, օպտիմալ է համարվում գազհոլդերների այնպիսի չափը, որը կարող է տեղավորել արտադրվող բիոգազի օրական ծավալ։
Գազհոլդերում հայտնվելուց հետո բիոգազն արդեն պատրաստ է իր գործարկման մյուս փուլերին՝ կենցաղում օգտագործվելուն, կոգեներացիոն կայանի վառելիք ծառայելուն կամ բիոմեթանի տեսքով որպես ավտոմեքենաների վառելիք կիրառվելուն։
Բիոգազի կայան տեղադրելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար զանգահարե՛ք +374 95 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում:


