Վերականգնվող էներգիայի աղբյուրները կամ «կանաչ էներգիան» թե՛ իրենց փիլիսոփայությամբ, թե՛ ստացման եղանակով ամբողջովին հակոտնյա են էներգիայի ավանդական աղբյուրներին։ Տարեցտարի ավելի ու ավելի են զարգանում վերականգնվող էներգիայի ստացման տեխնոլոգիական մեթոդները, ավելի շատ երկրներ են պետականորեն խրախուսում այդ աղբյուրների օգտագործումը էներգիա ստանալու նպատակով։
Ավանդական աղբյուրները, այսինքն՝ հանածո վառելիքը՝ ածուխ, նավթ, բնական գազ, չեն վերականգնվում, անսպառ չեն, դրանց ձևավորման համար միլիոնավոր տարիներ են անհրաժեշտ, իսկ դրանց կիրառման հետևանքով առաջացած էկոլոգիական խնդիրները լուծելու համար ևս բավականաչափ ջանք, ռեսուրս ու ժամանակ է հարկավոր։
Վերականգնվող էներգիայի աղբյուների ի՞նչ տեսակներ կան
Վերականգնվող էներգիայի ամենալայն տարածում ունեցող աղբյուրն արևի լույսն է։ Այն էներգետիկ ռեսուրսներից ամենահարուստն է։ Ֆոտովոլտային վահանակների միջոցով արևային էներգիան վերածվում է էներգիայի և կիրառելի է դառնում լուսավորման, ջեռուցման և այլ նպատակներով։
Ընդ որում, վերականգնվող էներգիայի այս ռեսուրսի կիրառումը շատ մեծ քայլերով է զարգանում, և եթե տասնամյակներ առաջ արևի առատ լույս էր հարկավոր, որպեսզի ֆոտովոլտային վահանակները կարողանային էներգիա կուտակել, ապա ժամանակակից տեխնոլոգիաներով պատրաստված վահանակները կարողանում են կլանել արևի լույս անգամ ստվերոտ պայմաններում։
Վերականգնվող էներգիայի մյուս տարածված աղբյուրը քամին է։ Ցամաքի կամ ջրի մեջ տեղադրված խոշոր տուրբինները օգտագործում են շարժվող օդի կինետիկ էներգիան՝ դրանից էլեկտրական, ջերմային և այլ տեսակի էներգիա ստանալու համար։ Այստեղ ևս ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ հնարավոր է դարձել հզորացնեել տուրբինների աշխատանքը և ստանալ հնարավորինս շատ էներգիա առկա կինետիկ էներգիայից։
Հիդրոէներգետիկան ևս համարվում է էներգիայի ստացման վերականգնվող աղբյուր։ Նման էներգիա կարելի է ստանալ ջրամբարների և գետերի օգնությամբ։ Ջրամբարների վրա գտնվող հիդրոէլեկտրակայաններն օգտագործում են դրանցում տեղակայված ջրային պաշարները, իսկ հոսող հիդրոէլեկտրակայաններն օգտագործում են առկա գետերի հոսքի էներգիան:
Վերականգնվող էներգիայի լայնորեն կիրառվող աղբյուր է նաև կենսազանգվածը, որից ստացվող էներգիան անվանում են նաև բիոէներգիա։ Կենսազանգվածը օրգանական, այսինքն՝ բուսական կամ կենդանական ծագում ունեցող թափոնների միացությունն է։
Առանձին կայաններում առանց թթվածնի հատուկ պայմաններում վերամշակելու, այսինքն՝ խմորելու արդյունքում կենսազանգվածից ստացվում է բիոգազ, բիոպարարտանյութ, իսկ բիոգազի զտման արդյունքում նաև բիոմեթան, որը կիրառվում է որպես ավտոմեքենաների վառելիք։
Բիոգազի արտադրությունը ձեռնտու է հատկապես անասնապահական գործունեությամբ և սննդի վերամշակմամբ զբաղվող տնտեսությունների համար, որտեղ առկա են կենսազանգվածի անընդմեջ ձևավորման հիմնարար պայմաններ։
Մեր կայքի բիոգազի հաշվիչի միջոցով կարող եք հաշվել, թե ինչ ծավալի բիոգազ կարող եք ստանալ ձեր տնտեսությունից ձևավորված կենսազանգվածից։
Կենսազանգվածի վերամշակման և բիոգազ կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։


