Բիոգազի մեծ չափի կայանները պրակտիկայում ընդունված է անվանել նաև արդյունաբերական կայաններ։ Այսպիսի կայանների վերամշակած օրգանական թափոնների և արտադրած բիոգազի ծավալն այնքան մեծ է, որ կարող է բավարարել որևէ տնտեսության գազի և ջերմային էներգիայի ծախսերը կրճատելուն կամ ամբողջապես ծածկելուն, դեռ ավելին, բիոգազը, հարստացման կայանի միջոցով բիոմեթանի վերածելով, հնարավոր է կիրառել և վաճառել ավտոմեքենաների լիցքավորման համար։ Հենց այս մեծ, շոշափելի արդյունքն է, որ բիոգազի մեծ կայանին վերագրում է արդյունաբերական բնույթ։
Բիոգազի մեծ կայան տեղադրելն իրատեսական է համարվում, երբ տնտեսությունից ձևավորում է օրական 7 տոննա և ավելի կենսազանգված, որը վերամշակելուց հետո դառնում է օրական 300մ³ և ավելի բիոգազ։
Պայմանավորված նրանով, թե ինչ տեսակի և ծավալի հումք (գոմաղբ, թռչնաղբ, սննդի թափոններ և այլն) է ենթարկվում վերամշակման՝ տատանվում է մեծ կայանի ետգնման ժամանակահատվածը։ Որքան մեծ է այդ ծավալը, և որքան մեծ է հումքի էներգետիկ պոտենցիալը, այնքան ավելի կարճ է ետգնման ժամկետը։ Այնուհանդերձ, միջինում մեծ կայանի համար արված ներդրումը հնարավոր է ետգնել մոտավորապես 2,5 տարում։
Ի տարբերություն բիոգազի փոքր և միջին կայանների, մեծ կայանի գրեթե ամբողջ համակարգն ավտոմատացված է։ Ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող ընկերությունները, ինչպիսին ADACO-ն է, կայանների նախագծումն իրականացնում են տեխնիկական և նորարարական լուծումներով, ինչի արդյունքում բիոգազի արտադրության պրոցեսում մարդու ներկայության կարիքը զգացվում է միայն կայանի աշխատանքը մոնիթորինգի ենթարկելու հարցում։
Բիոգազի մեծ կայանի կառուցման ժամանակահատվածը ևս կարող է փոփոխական լինել՝ կախված նախագծի չափից, վայրից, տեղադրող ընկերությունից և այլ գործոններից։ Ընդունված է համարել, որ միջինում չորս ամիսը բավական է բիոգազի մեծ կայան տեղադրելու և այն ընթացքի մեջ գցելու համար։
Մեծ կայանները կարող են հետաքրքրել հատկապես գործարաններին, ֆաբրիկաներին, վերամշակող ընկերություններին, բացի այդ կայանների արտադրած բիոգազի ծավալը թույլ է տալիս նաև կից հարստացման կայան տեղադրել։ Հարստացման կայանի միջով անցնելով՝ բիոգազի բաղադրության մեջ մեթանն ու ածխաթթու գազը զատվում են իրարից։ Սակայն մեթանի բաղադրության մեջ շարունակում է մնալ քիչ տոկոսով ածխաթթու գազ, իսկ ածխաթթու գազի մեջ՝ նույնչափ մեթան։ Արդյունքում ստացվում է բիոմեթան, որն ի տարբերություն սովորական մեթանի, ծագում է ոչ թե երկրի ընդերքից, այլ՝ բիոգազի արտադրության հետևանքով։ Լիցքավորման կայան տեղադրելով այս բիոմեթանը կարելի է կիրառել որպես մեքենաների վառելիք՝ փոխառելով զարգացած երկրների հարուստ փորձը։
Հայաստանում մեծ կայանների գործունեության պոտենցիալը մեծ է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը մոտավորապես 800 000 է, իսկ սա նշանակում է, որ օրական յուրաքանչյուր կենդանուց միջինում ձևավորվում է 30կգ թափոն։ Այս ծավալը թույլ է տալիս Հայաստանում օրական արտադրել 1մլն մ³ բիոգազ։

Եթե զբաղվում եք անասնապահական գործունեությամբ, կարող եք հաշվել, թե որքան բիոգազ կարող է արտադրվել ձեր տնտեսության արդյունքում ձևավորվող օրգանական թափոնների ծավալից և ըստ այդմ դիմել մեզ +374 95 511110 հեռախոսահամարով՝ բիոգազի կայան տեղադրելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։


