Անցնել, թե՞ չանցնել այլընտրանքային էներգիայի։ Առհասարակ, օր առաջ այլընտրանքային էներգիային անցնելու համաշխարհային կոչերն ինքնանպատակ չեն, որովհետև այլընտրանքային էներգիայի աղբյուրներին, այդ թվում նաև կենսազանգվածին, բնորոշ են թե՛ էկոլոգիական գործոնը, թե՛ տնտեսական շահութաբերությունը։
Մենք առանձնացրել ենք մի շարք ծանրակշիռ պատճառներից 5-ը, որոնք կարող են ոգեշնչել ընթերցողին բիոգազի կայան տեղադրելու։
Պատճառ 1
Ի տարբերություն հանածո վառելիքի՝ կենսազանգվածը շարունակ վերականգնվող ռեսուրս է, հետևաբար անսպառ է։ Այնքան ժամանակ, որքան մարդկությունը զբաղվում է անասպահությամբ, սննդի արդյունաբերությամբ, մեր մոլորակի վրա օրգանական թափոնների պակաս չենք ունենա։ Փոխարենը ամեն օր բախվում են դրանց ուտիլիզացիայի խնդրին։ Շատ ֆերմերներ իրենք են զբաղվում օրգանական թափոնների՝ գոմաղբի, թռչնաղբի ուտիլիզացիայով․ օրինակ՝ օգտագործում են որպես պարարտանյութ կամ վառելանյութ, սակայն բանն այն է, որ համակարգված վերամշակման դեպքում այդ նույն գոմաղբից կարելի է ստեղծել ավելի մեծ արժեք, քան պարզապես միայն որպես պարարտանյութ կիրառելն է։
Պատճառ 2
Կենսազանգվածի՝ առանց թթվածնի պայմաններում վերամշակման արդյունքում ստանում ենք բիոգազ, որն ունակ է զգալի չափով ծածկելու տան կամ տնտեսության գազի և էներգիայի ծախսերը՝ բնականաբար կախված հումքի ծավալից։ Բիոգազի ստացումն, ի տարբերություն բնական գազի, էկոլոգիական հիմնախնդիր չի ստեղծում, փոխարենը՝ լուծում է այն։
Պատճառ 3
Այլընտրանքային էներգիայի մյուս աղբյուրների համեմատ՝ բիոգազի կայանի ետգնման ժամանակահատվածն ավելի կարճ է, մոտավոր հաշվարկներով՝ 5 տարի։ Ժամանակահատվածը երկարությունը բնականաբար կախված է կայանի չափից․ որքան մեծ է բիոգազի կայանը և որքան մեծ է կենսազանգվածի՝ օրգանական թափոնների ծավալը, այնքան ավելի կարճ է ետգնման ժամանակահատվածը։ Այս առավելությունը թույլ է տալիս բիոգազի կայանի տեղադրումը ընկալել դրա շահավետության, եկամտաբերության տեսանկյունից և դիտարկել որպես ներդրում։
Պատճառ 4
Օրգանական թափոնների վերամշակման արդյունքում ստացվող բիոպարարտանյութի առավելություններից մեկն այն է, որ այն վերամշակումից հետո էլ կարողանում է պահպանել իր սկզբնական հումքի մեջ առկա ազոտը և մյուս սննդարար նյութերը։ Հենց այս նյութերն են, որ կարողանում են կենդանացնել մաշված հողերը, մինչդեռ մարդու և բույսերի համար վնասական պաթոգեն միկրօրգանիզմները վերամշակման փուլում ոչնչանում են։
Պատճառ 5
Ստացված բիոգազից մեթանը ածխաթթու գազից զտելու միջոցով ստացվում է բիոմեթան, որը կիրառելի է որպես ավտոմեքենաների վառելիք։ Բիոմեթանի մեջ մեթանի քանակությունը շատ բարձր է, գրեթե 98-99%, իսկ մեթանը, որպես վառելիք ավելի բարձր ջերմատվություն ունի, քան բնական գազը։ Սա նշանակում է, որ 1մ³ բիոմեթանով ավտոմեքենան ավելի մեծ հեռավորություն կարող է հաղթահարել, քան 1մ³ բնական գազով։
Ի վերջո բիոգազի կայանների տեղադրման և գործարկման զարգացած երկրների փորձը հուշում է էներգիայի այս աղբյուրի եկամտաբերության մասին։ Եվրոպական այնպիսի երկրներում, ինչպիսին Դանիան և Գերմանիան են, բիոգազը զբաղեցնում է տվյալ երկրի էներգահաշվեկշռի 10-18%-ը, ինչը մեծ ցուցանիշ է։
Բիոգազի կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։


