Թեև բիոգազի կիրառությունն ավելի տարածված է դարձել վերջերս, այնուհանդերձ կենսավառելիքի այդ տեսակը մարդկությանը հայտնի է եղել դեռևս դարեր առաջ։
Ի՞նչ է բիոգազը և ինչպե՞ս է այն արտադրվում
Բիոգազը կամ կենսագազը կենսավառելիքի տեսակ է, որն արտադրվում է օրգանական տարբեր թափոնների քայքայումից։ Օրգանական թափոնները, ինչպիսիք են սննդամթերքի մնացորդները, գոմաղբը և այլն, առանց թթվածնի միջավայրում քայքայվելիս արտազատում են գազերի խառնուրդ՝ առաջին հերթին մեթան, ապա՝ ածխաթթու գազ, ջրածնի ծծումբ և այլ տարրեր։
Քայքայման պրոցեսը տեղի է ունենում անաէրոբ այսինքն՝ ազատ թթվածնի բացակայության պայմաններում ապրելու և զարգացման ընդունակ միկրոօրգանիզմաների միջավայրում՝ հատուկ պոմպային կայանում կամ հերմետիկ ռեակտորում, ուստի այս գործընթացը երբեմն անվանում են անաէրոբ մարսողություն։
Ինչպես նշեցինք, թափոնների քայքայվելու արդյունքում արտազատվում է մոտավորապես 50-75% մեթան, ինչի հետևանքով բիոգազը ստանում է դյուրավառ հատկություն, կապույտ բոց և կարող է օգտագործվել որպես էներգիայի աղբյուր։ Քայքայման և արտազատման արդյունքում ստացված կենսագազը կուտակվում է պահեստում, այնուհետև անցնում մաքրման պրոցես և իր վերջնական տեսքով մատակարարվում սպառողին։
Քայքայվող կենսազանգվածի անջատած դյուրավառ գազերն առաջինը հայտնաբերվեց դեռևս 17-րդ դարում՝ հոլանդացի գիտնական Յան Բապտիստ Վան Հելմոնտի կողմից։ Իսկ ահա 19-րդ դարի սկզբին անգլիացի գիտնական Հեմֆրի Դևին այդ արտադրված կենսագազի մեջ հայտնաբերեց մեթանը։
Այս հայտնագործությունները և դրանց հետագա կատարելագործումը նշանակալից եղան աշխարհի համար, և տարբեր երկրներում իրար հետևից սկսեցին կենսագազի կայաններ տեղադրել, իսկ ավելի առաջադեմ երկրները, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, բիոգազն օգտագործեց փողոցների լուսավորության համար։
Այսօր, երբ բարեբախտաբար մարդկության հետաքրքրությունը մեծապես ուղղված է դեպի վերականգնվող և կանաչ էներգիան, բիոգազի արտադրությունը և կիրառությունը սկսել է նոր թափ հավաքել, քանի որ այլընտրանքային և էկոլոգիապես մաքուր էներգիայի այս տեսակն ընդգրկում է այն կարևոր շեշտադրումները, որոնք առաջնային են 21-րդ դարի էկոլոգիական հիմնախնդիրների լուծման համար։
Առաջին այդպիսի շեշտադրումը թափոնների շահագործումն է։ Հայտնի է, որ տարատեսակ թափոնները ժամանակի ընթացքում արտազատում են թունավոր նյութեր, որոնք վնասակար են մարդու և շրջական միջավայրի համար։ Բիոգազի արտադրությունը ոչ միայն կրճատում է օր օրի աճող թափոնների քանակությունը, այլ նաև այն վերածում է կիրառելի էներգիայի։
Մյուս կարևոր շեշտարդումը էներգիայի համաշխարհային պահանջարկի բավարարումն է էկոլոգիական ճանապարհով։ Վերականգնվող էներգիայի բնական աղբյուրները՝ արևը, քամին, ջուրը և այլն «խոստանում են» դեռ երկար տարիներ մարդկությանն ապահովել էներգիայով։ Մինչդեռ թափոնների առաջացումը Երկիր մոլորակի վրա այնպիսի չափերի է հասնում, որ դրանցից արտադրված բիոգազը՝ որպես այլընտրանքային և եկամտաբեր էներգիա, կարող է իր ծավալներով ևս ծածկել մեր մոլորակի էներգետիկ կարիքները։
Թափոնների վերամշակման և բիոգազի ստացման արդյունքում արտադրվում է բյուրեղացված ազոտով հարուստ զանգված, որը կիրառվում է որպես արդյունավետ օրգանական պարարտանյութ։
Թե ինչ ծավալի բիոգազ կարող եք արտադրել ձեր տնտեսությունից ձևավորվող թափոններից, կարող եք հաշվել մեր բիոգազի հաշվիչի միջոցով։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար զանգահարե՛ք․ 095 511110
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։


