Մեր նախորդ հրապարակման մեջ մենք դիտարկեցինք բիոգազի արտադրության մեջ կիրառվող տարբեր հումքատեսակների առանձնահատկությունները, որոնցով մեծապես պայմանավորված է արտադրվող բիոգազի որակը և ծավալը։
Սակայն հայտնի է, որ միայն հումքատեսակի բաղադրությունը բավական չէ որակյալ բիոգազ ստանալու համար։ Կան մեծ նշանակություն ունեցող այլ գործոններ, որոնց կանդրադառնանք այս հոդվածում։
Այդ կարևոր նշանակություն ունեցող գործոններից է անաերոբ խմորումը։ Հենց սրա բնույթից, կանոնների ճիշտ պահպանումից է կախված ստացվող բիոգազի որակը։
Թթվայնություն ապահովող և մեթանոգեն բակտերիաները բնության մեջ ամենուր են։ Օրինակ՝ խոշոր եղջերավոր կենդանիների մարսողական համակարգում նման միկրօրգանիզմների մեծ քանակություն կա, որն էլ հենց այս կենդանիների գոմաղբը դարձնում են բիոգազի ստացման համար իդեալական հումք։
Խմորման ենթակա հումքը նախապատրաստելիս հենց այս հանգամանքն է պետք հաշվի առնել։ Եթե օրգանական այս կամ այն հումքատեսակի բաղադրության մեջ մեթանոգեն և թթվայնություն ապահովող բակտերիաները քիչ են, ապա դրանց քանակությունը պետք է ապահովել արդեն ռեակտորի մեջ։
Բացի բակտերիաների առկայությունը՝ ռեակտորի մեջ պետք է ապահովել նաև հետևյալ պայմանները․
- Առանց թթվածին միջավայր
- Բակտերիաների կենսագործունեության համար համապատասխան ջերմաստիճան
- Խմորման համար օպտիմալ ջերմաստիճան՝ կախված հումքատեսակից
- Հումքի ճիշտ ժամանակին և ճիշտ քանակությամբ մուտք ու ելք
- Թթվայնության ճիշտ տոկոս
- Ազոտի ու թթվածնի ճիշտ հարաբերակցություն
- Հումքի համապատասխան խոնավություն
- Կանոնավոր խառնում
Մեթանոգեն բակտերիաների ակտիվ կենսագործունեությունը հնարավոր է, երբ ռեակտորի մեջ իսկապես ապահովված է առանց թթվածնի միջավայր։ Այդ պատճառով կարևոր է հետևել ռեակտորի հերմետիկությունը և բացառել թթվածնի ցանկացած քանակության ներթափանցումը դրա մեջ։
Կախված խմորման պրոցեսին մասնակցող բակտերիաների տեսակից՝ կարևոր է ռեակտորի մեջ ապահովել նաև համապատասխան ջերմաստիճան։ Փսիխոֆիլ ռեժիմին սովոր բակտերիաները համարվում են «ցրտակայուն», թեև դրանց գործունեության համար պահանջվում է մինչև 20-25°C, մեզոֆիլների դեպքում օպտիմալ է համարվում 25-40°C-ը, իսկ թերմոֆիլները հակված են ակտիվանալու բարձր ջերմաստիճանի պայմաններում, օրինակ՝ 40°C-ից բարձրի դեպքում։
Խմորման թերմոֆիլ ռեժիմի դեպքում հումքն ավելի արագ է քայքայվում և բիոգազի ելքն ավելի բարձր է լինում։ Բարձր ջերմաստիճանի ռեժիմի դեպքում խմորման պրոցեսում ամբողջովին վերանում են պաթոգեն բակտերիաները, որոնք ի սկզբանե առկա էին հումքի մեջ։ Այս ռեժիմի թերություններից մեկը էներգիայի մեծ ծախսն է։
Մեզոֆիլ ռեժիմի դեպքում բիոպարարտանյութի մեջ պահպանվում է ամինաթթուների մեծ քանակություն, սակայն այս ռեժիմը պաթոգեն բակտերիաների վերացման հարցում համեմատաբար զիջում է թերմոֆիլին։
Բիոգազի կայան տեղադրելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել +374 95 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում:


