fbpx

Երբ և ինչպես են սկսել ստանալ բիոգազ

Անաէրոբ խմորում․ բիոգազի ստացման ամենակարևոր փուլը

Որքան էլ զարմանալի է, մարդկությանը օրգանական թափոններից էներգիա ստանալու գաղափարը ծանոթ է եղել դեռևս մեր թվարկությունից շատ առաջ։ Առանձին հիշատակություններ կան, որ բիոգազի ստացման պարզունակ տեխնոլոգիաներ են կիրառվել Հին Չինաստանում, Հին Հնդկաստանում, Ասորեստանում ու Պարսկաստանում։ 

Բիոգազի ստացման սիստեմատիկ հետազոտություններն ավելի ուշ են թվագրվում՝ 18-րդ դարում։ Սակայն մինչ այդ, դեռևս 17-րդ դարում հոլանդացի գիտնական Յան Բապտիստ Վան Հելմոնտն արդեն հայտնաբերել էր քայքայվող կենսազանգվածից անջատված դյուրավառ գազերը։ 

Մեկ դար անց՝ 1776 թվականին Ալեսսանդրո Վոլտան հիմնավորեց, որ ճահիճներում ու լճային նստվածքներում այրվող գազը մեթանն է, թեև մեթան անվանանումը այս գազը ստացավ ավելի ուշ։ 

Այս հայտնագործությունը շրջադարձային եղավ ոչ միայն գիտնականի կյանքում, այլ առհասարակ գիտության մեջ։ 1810-ականներին Հեմֆրի Դևին, ուսումնասիրելով հանքագազը, ապացուցեց, որ այն համարվում է քիչ քանակությամբ ազոտի և ածխաթթու գազի խառնուրդ։ 1866 թվականին գիտնականների ուսումնասիրած այս այրվող գազը վերջապես ստացավ իր անվանումը՝ մեթան։

Արդեն 1881 թվականից եվրոպացի գիտնականները սկսեցին բիոգազի գործարկումը պրակտիկայում։ Սկզբնապես այն օգտագործվում էր տարածքները ջեռուցելու և փողոցները լուսավորելու համար։ 

19-րդ դարի վերջին անգլիական Էքսեթեր քաղաքի մի թաղամասի փողոցային լապտերները սկսեցին լուսավորվել մի տեսակի գազով, որը ստացել էին փակ տարածքում հավաքված կեղտաջրերի խմորման արդյունքում։ 

Նույն ժամանակաշրջանում բիոգազի ստացման ու կիրառման զարմանալի պրակտիկա արձանագրվեց նաև Բոմբեյում։ Այստեղ հումքի խմորման ճանապարհով ստացված գազը կուտակել էին փակ տարայի մեջ, ապա օգտագործել որպես տարբեր շարժիչների համար վառելիք։ 

20-րդ դարասկիզբը շրջադարձային եղավ բիոգազի ստացման տեխնոլոգիաների ուսումնասիրության ոլորտում։ 1914-20-ական թվականներին տարբեր էքսպերիմետներ են արվում արտադրվող բիոգազի ավելի բարձր արդյունք ստանալու համար։ Այդ էքսպերիմենտներից մեկն էր քայքայման համար բարձր ջերմաստիճանի կիրառումը, որն իսկապես տվեց իր արդյունքները։ Փոքր ինչ ավելի ուշ՝ 30-ակններին փորձ է արվում համադրել տարատեսակ հումքատեսակներ՝ արտադրվող բիոգազի ծավալը մեծացնելու համար։

Ցանկացած դեպքում պետք է փաստել, որ պրոֆեսիոնալ մակարդակում բիոգազի արտադրության առաջնամարտիկն անգլիացիներն էին։ Հենց անգլիական Բիրմինգհեմ քաղաքում է 1911 թվականին կառուցվում բիոգազի առաջին խոշոր գործարանը, որը բիոգազ ստանալու համար օգտագործում էր այդ քաղաքի կեղտաջրերը քայքայելու տեխնոլոգիան։ Ստացված բիոգազը կիրառվում էր էլեկտրաէներգիա ստանալու նպատակով։

1940-ականներին այս հնուց հայտնի, բայց նորարարական տեխնոլոգիան սկսեցին կիրառել նաև Գերմանիայում և Ֆրանսիայում, սակայն ի տարբերություն անգլիացիների, այստեղ որպես հումք կիրառվում էին հետագայում դասական դարձած օրգանական հումքը՝ կենդանիների գոմաղբը։

Բիոգազի ստացման մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար հետևե՛ք մեր էջի հրապարակումներին։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ