Մենք բազմիցս խոսել ենք բիոգազի արտադրության տնտեսական շահավետության մասին։ Նախորդ հոդվածներում տարբեր հաշվարկների միջոցով եկել ենք այն եզրակացության, որ բիոգազի արտադրությունն ավելի եկամտաբեր է էներգիայի ստացման դասական և այլընտրանքային մյուս եղանակների համեմատ։
Այս հոդվածում կխոսենք մեր առողջության վրա այն ազդեցության մասին, որը կարող է ունենալ բիոգազի արտադրությունը։
Նախ սկսենք այն կարևոր կետից, որ բիոգազի ստացումը, ի տարբերություն բնական գազի, էկոլոգիական իմաստով լիովին անվտանգ է։ Այստեղ գործ չունենք հանածո վառելիքի հետ, որը բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի և մեր առողջության վրա։
Բիոգազի ստացման աղբյուրը կենսազանգվածն է, որն այսպես թե այնպես կա երկրի վրա և կարիք ունի ուտիլիզացիայի։ Բիոգազի կայաններն ապահովում են այդ թափոնների ուտիլիզացիան և ուղիղ կերպով բարելավում մեր շրջակա միջավայրի սանիտարահիգիենիկ վիճակը։
Բաց տարածքում պահպանվող գոմաղբը բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում՝ շնչառական և սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ է։ Այդպիսի պայմաններում պահպանվող գոմաղբն իր մեջ կրում է պաթոգեն բակետրիաներ, որոնք հայտնվելով մթնոլորտում, աղտոտում են այն։
Բացի այդ, հայտնի է, որ գոմաղբը տարատեսակ ճանճերի հավաքատեղի է, իսկ դա հնարավոր է դարձնում ճանճերի միջոցով տարբեր պաթոլոգիաների տարածումը գոմաղբից դեպի մարդու կենցաղ։
Շատ աղիքային հիվանդությունների պատճառը, ինչպես նշեցինք, գոմաղբի մեջ առկա միկրոօրգանիզմներն են, որոնց հետ գրեթե ամենօրյա շփման մեջ են գյուղատնտեսները, և վարակվելը այդ միջավայրում առանձնակի դժվարություններ չի պահանջում։ Սա գիտակցելով, օրինակ, Չինաստանում փորձ անցկացրեցին՝ կրճատելու ֆերմերների շրջանում շիստոսոմոզով և երիզորդներով վարակվելու դեպքերը։ Այդպիսով, մեծ ֆերմաներում տեղադրելով բիոգազի կայաններ՝ որոշ ժամանակ անց նշված մակաբույծներով վարակման դեպքերը ֆերմերների շրջանում 99%-ից նվազեցին մինչև 13%:
Այս իմաստով հումքի անաերոբ խմորումը փորձված և իրեն արդարացված միջոց է օրգանական թափոնների զտման հարցում։ Գոմաղբը, որը դարեր շարունակ գյուղատնտեսները օգտագործում են որպես պարարտանյութ, պարունակում է մեծ թվով վնասակար, պաթոգեն միկրոօրգանիզմներ, մոլախոտի սերմեր, սնկեր, որոնք հողի վրա հայտնվելով մինչև այն պարարտացնելը փոխանցում են մի շարք հիվանդությունների համար բակտերիաներ։ Այդ կերպ վնասվում է և՛ հողը, և՛ նրա մեջ աճող բույսը, և՛ մարդու օրգանիզմը, որ պատրաստվում է սնվել այդ բույսով։
Մինչդեռ վերամշակված գոմաղբից ստացված բիոպարարտանյութը շատ մեծ տոկոսով մաքրված է վերոնշյալ պաթոգեն բակտերիաներից, իսկ նրա կիրառումը ոչ միայն պարարտացնում, կենդանացնում է հողը, այլ նաև չի վնասում մարդու առողջությունը։
Ի տարբերություն հում գոմաղբի՝ բիոպարարտանյութը չի գրավում ճանճերին և մյուս միջատներին և այս իմաստով ևս անվտանգ է մարդու առողջության համար։
Բիոգազի առավելությունները շատ են, և դրանք վերաբերում են ոչ միայն մեր գրպանին, այլ նաև մեր առողջությանը։
Բիոգազի կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում։


