Հայտնի է, որ օրգանական թափոնների՝ առանց թթվածնի միջավայրում քայքայման արդյունքում ստացված բիոգազը բաղկացած է երկու հիմնական գազերից՝ ածխաթթու գազ (СО2) և մեթան (СН4)։ Այս ընդհանուր բաղադրության մեջ մեթանը 65-80% է կազմում։ Հենց այս զգալի տարբերությունն էլ թույլ է տալիս մեզ մտածել բիոգազից բիոմեթան ստանալու մասին։
Սակայն կարևոր է հաշվի առնել այն, որ բիոգազից որակյալ վառելիք ստանալու համար անհրաժեշտ է զտել այն։ Հարստացման կայանի միջոցով բիոգազը վերածվում է առանձին մեթանի և ածխաթթու գազի։ Այս տարբերակով ստացված մեթանն անվանում ենք բիոմեթան, քանի որ այն ստացվել է ոչ թե ընդերքից, այլ օրգանական թափոններից ստացված բիոգազը զտելու արդյունքում։
Բիովառելիքի շահավետությունը սկսվում է հենց նրա ստացման ձևից, այսինքն՝ օրգանական հումքերի վերամշակումից ստացվող բիոգազից, ինչը, բնականաբար, ավելի ցածր արժեք ունի, քան հանածո վառելիքի ստացումը։
Միևնույն ժամանակ, մեզ արդեն հայտնի է, որ օրգանական թափոնների վերամշակումը միայն բիոգազի ստացմամբ չի ավարտվում։ Օրգանական թափոնների՝ առանց թթվածնի միջավայրում քայքայման ընթացքում ստանում ենք նաև բիոպարարտանյութ, որի մեջ առկա են մեծ քանակությամբ սպիտակուցներ, բջջանյութ և այլ օրգանական նյութեր, որոնք այլ տեսակի պարարտանյութերի մեջ չեն հանդիպում, սակայն շատ կարևոր են բույսերի առողջ աճի համար։
Ի տարբերություն հանքային պարարտանյութերի՝ բիոպարարտանյութը՝ որպես էկոլոգիապես մաքուր պարարտանյութ, վնաս չի հասցնում հողին, չի աղտոտում այն կամ էլ ստորգետնյա ջրերը։
Բիովառելիքի ստացմամբ, կարելի է ասել, կրճատվում են նաև դեպի մթնոլորտ արտանետվող գազերի քանակը։ Այդ կարևոր առավելությունը գիտակցելով են նաև եվրոպական մի շարք երկրներ անցել բիոմեթանի՝ որպես վառելիքի օգտագործմանը։ Օրինակ՝ Շվեյցարիայում բիոմեթանը որպես վառելիք կիրառության ավելի մեծ տոկոս ունի, քան բնական գազերը։ Նույնը կարելի է ասել Գերմանիայի մասին, որը որպես զարգացած երկիր, մեծ նշանակություն է տալիս վերականգնվող էներգիայի և վառելիքի տեսակների կիրառությանը։
Բիոմեթանը, փաստորեն, համարվում է հանածո վառելիքի համար վերականգնվող այլընտրանք։ Այս տեսակի վառելիքը ձեռնտու է ոչ միայն էկոլոգիական տեսանկյունից, այլ նաև տնտեսական։
Իսկ ի՞նչ է դա նշանակում․
Գազալցակայանում 1մ³ բնական գազի արժեքը մոտավորապես 180 դրամ է։ Հայտնի է, որ բնական գազի մեջ մեթանի պարունակություն 90-92%, իսկ 1մ³ բիոգազի մեջ մեթանի պարունակությունը 70% է, երբեմն նաև ավելի շատ։ Այսպիսով, եթե հաշվարկելու լինենք բիոմեթանի՝ որպես վառելիքի արժեքը, ապա այն կկազմի մոտավորապես 140 դրամ։
Այստեղ կարևոր է նաև հաշվարկել բիոգազի հարստացման կայանի ետգնման արժեքը։ Մոտավոր հաշվարկներով այն կազմում է 20 դրամ, որը դարձյալ չի գերազանցում 1մ³ բնական գազի միջին գինը։
Այսպիսով՝ բիոգազի արտադրությունը բիովառելիքի ստացման տեսանկյունից անվիճարկելի եկամտաբեր ներդրում է, որը տնտեսական եկամուտից բացի, լուծում է նաև պարարտանյութի և որ ամենակարևորներից է, օրգանական թափոնների ուտիլիզացիայի խնդիրը։
Բիոգազի կայան տեղադրելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել +374 95 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում:


