Ժամանակակից աշխարհը էներգիայի արտադրության տեսանկյունից ամենահեշտ շրջանում չի գտնվում։ Էներգիայի մատակարարման անկայունությունը, տատանվող արժեքներն աշխարհը պահում են էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուրների լարված փնտրտուքի մեջ։
Կենսազանգվածի վերամշակումը և դրա արդյունքում բիոգազի ստացումը այդպիսի փնտրտուքների արդյունքներից մեկն է, որն արդեն աշխարհի զարգացած և զարգացող բազմաթիվ երկրների համար դարձել է էներգետիկ հաշվեկշռի կարգավորման եղանակներից մեկը։
Թեև բիոգազի ստացումը մեծ թափ է ստացել վերջին տասնամյակներում, այնուհանդերձ այն նոր պրակտիկա չէ մարդկության պատմության մեջ։ Օրգանական թափոններից գազ ստանալու փորձ մարդկությունն ունի դեռևս միջին դարերից, պարզապես նոր ժամանակներում այդ ամենն ավելի գիտական և հիմնավորված ուղղությամբ է ընթանում։
Գիտականորեն հիմնավորված բնույթից բացի՝ շատ երկրներում բիոգազի արտադրությունն ունի պետական աջակցություն։ 2007 թվականին եվրոպական շատ երկրներում գործարկման գտավ ջերմոցային գազերի քանակությունը 20%-ով կրճատելու օրինագիծը։ Այս օրինագիծն էկոլոգիական նշանակությունից բացի հետապնդում էր նաև տնտեսական նպատակներ, ինչի հետևանքով մեծ զարկ տրվեց բիոգազի կայանների տեղադրմանը եվրոպական շատ երկրներում։
Հասկանալի է, որ էներգիայի ստացման ավանդական ռեսուրսները դեռ տևական ժամանակ կշարունակեն մնալ առաջատար դիրքերում, սակայն մտաբերենք Գերմանիայի, Դանիայի կամ Շվեդիայի փորձը․ Գերմանիայում, օրինակ, բիոգազը զբաղեցնում է երկրի էներգետիկ հաշվեկշռի 12,1%-ը, ինչը մեծ թիվ է՝ հաշվի առնելով, որ Eurostat-ի այս տվյալներից հետո անցել է 5 տարի։
Ասիական երկրներում ևս բիոգազի արտադրությունը մեծապես խթանվում է պետության կողմից։ Չինաստանն, օրինակ, այս պահին առաջատար դիրք է զբաղեցնում բիոգազի կայանների քանակի տեսանկյունից։ Ասիական այս երկիրը բիոգազի արտադրության ծավալները նույնիսկ ներառել է իր զարգացման երկարաժամկետ պլաններում՝ նպատակ ունենալով բիոգազի ծավալի տարեկան արտադրությունը հասցնել 50 մլրդ մ³-ի։
Հնդկաստանում ևս բիոգազի կայանների կիրառության պրակտիկան մեծ տարածում ունի, թեև այստեղ, ի տարբերություն Չինաստանի, առավել շատ են բիոգազի փոքր կայանները։
Բիոգազի մեծ, միջին և փոքր կայանների կիրառությունն անմիջականորեն կապ ունի երկրի զարգացվածության մակարդակի հետ։ Արևմտյան զարգացած երկրներում մեծ նշանակություն է տրվում մեծ ու միջին կայանների կիրառությանը, մինչդեռ զարգացման փուլում գտնվող ասիական շատ երկրներում առավել մեծ տարածում ունեն փոքր, կենցաղային կարիքները (կերակրի պատրաստում, բնակարանի ջեռուցում) սպասարկող կայանները։
Հայաստանում բիոգազի արտադրությունը երկար պատմություն չունի։ Մեր երկրում ևս փորձը սկսվել է ինքնաշեն կայանների կառուցումից, որոնք հետագայում վերածվել են բիոգազի փոքր կայանների։ Որոշ ֆերմաներ կրճատել են իրենց տնտեսության կազմակերպման համար պահանջվող էներգիայի ծախսերը՝ օրգանական հումքի վերամշակման համար տեղադրելով բիոգազի միջին չափի կայաններ։ Հայաստանում բիոգազի պոտենցիալի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր առանձին հոդվածում։
Բիոգազի կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։
Հետևե՛ք էջի թարմացումներին Ֆեյսբուքում:


