Բիոպարարտանյութը՝ անաերոբ խմորման արդյունք

Բիոպարարտանյութը՝ անաէրոբ խմորման արդյունք

Մեր նախորդ հրապարակումներում բազմիցս խոսել ենք այն մասին, որ բիոգազը չի համարվում անաերոբ խմորման պրոցեսի միակ արդյունքը։ Բիոգազի կայաններում վերամշակված օրգանական թափոնները վերածվում են մի զանգվածի, որը պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր և կարող է կիրառվել որպես բիոպարարտանյութ։

Որո՞նք են բիոպարարտանյութի առավելությունները և ինչո՞վ է այն տարբերվում հանքային և այլ տեսակի պարարտանյութերից։

Բիոպարարտանյութի հիմնական առավելությունը սկզբնական հումքի մեջ առկա ազոտի և մյուս սննդարար նյութերի պահպանելու մեջ է։ Ի տարբերություն բնական պայմաններում փտած գոմաղբի, որը փտման ժամանակ կորցնում է պարունակած ազոտի 50%-ը, բիոգազի կայանի պայմաններում գոմաղբի խմորման ընթացքում պահպանվում է առավելագույն քանակությամբ ազոտ, փոխարենն ամբողջապես ոչնչանում են պաթոգեն միկրոօրգանիզմները, որոնք վնասակար են բույսերի, կենդանիների համար, իսկ մարդկանց մոտ կարող են առաջացնել աղիքային հիվանդություններ։

Նույնը վերաբերում է նաև մոլախոտի սերմերին։ Մեկ տոննա թարմ գոմաղբը պարունակում է մոլախոտի մոտ 10 հազար սերմ։ Իսկ բիոգազի կայանում խմորվելու ընթացքում այդ սերմերը կորցնում են իրենց ծլունակության մոտ 99%-ը և այլևս վտանգ չեն ներկայացնում բույսերի և հողի համար։

Բիոպարարտանյութի մյուս կարևոր առավելություններից մեկը նրա բաղադրությունն է․ նրանում առկա ազոտը, կալիումն ու ֆոսֆորը հանդիպում են նաև հանքային պարարտանյութերի բաղադրության մեջ, սակայն բիոգազի կայանում անաերոբ խմորում անցած գոմաղբում առկա են նաև սպիտակուցներ, բջջանյութ և այլ օրգանական նյութեր, որոնք այլ տեսակի պարարտանյութերի մեջ չեն հանդիպում, բայց և շատ կարևոր են բույսերի առողջ աճի համար։ Ի տարբերություն հանքային պարարտանյութերի՝ բիոպարարտանյութը՝ որպես էկոլոգիապես մաքուր պարարտանյութ, վնաս չի հասցնում հողին, չի աղտոտում այն կամ էլ ստորգետնյա ջրերը։

Խմորման արդյունքում ձևավորվում են հանքանյութեր և հումուս, որոնք հետագայում բարելավում են հողի հատկությունները, ծառայում են որպես էներգիայի և սնուցման աղբյուր հողում ապրող միկրոօրգանիզմների համար, ինչը նպաստում է բույսերի սննդարար նյութերի յուրացման բարձրացմանը։

Կարևոր է անդրադառնալ նաև բիոպարարտանյութի մեկ այլ՝ «բուժիչ» առավելությանը․ երկար տարիների շահագործումից հետո հողը «մաշվում» և «հյուծվում» է և կորցնելով իր կենսունակությունը՝  այլևս չի համարվում բարենպաստ միջավայր բույսերի աճի համար։ Սակայն էկոլոգիապես մաքուր բիոպարարտանյութով պարարտացնելու դեպքում հնարավոր է հողը վերակենդանացնել և վերականգնել, ապա դարձյալ ենթարկել շահագործման։

Բացի իր բաղադրությանը՝ բիոպարարտանյութն արդյունավետ և հարմար է նաև իր կիրառման տեսանկյունից։ Այն չունի պահպանման հատուկ ժամանակահատված, ուստի կարելի է կիրառել ստանալուց անմիջապես հետո։ Հայտնի է, որ պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Բիոպարարտանյութը այս առումով բավական դիմացկուն է, և հողից սննդանյութերի սեզոնային հեռացման արդյունքում հեռացվում է բիոպարարտանյութի միայն 15%-ը, ուստի պարարտանյութի այս տեսակի կիրառումն ավելի մեծ արդյունքի կարող է հասցնել։

Գոմաղբի և կենդանական ծագման մյուս թափոնների վերամշակման և ստացվող արդյունքի մասին կարդացեք մեր նախորդ հրապարակման մեջ։

Բիոգազ կայանի տեղադրման վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք զանգահարել 095 511110 հեռախոսահամարով։

Հետևե՛ք էջի թարմացումներին  Ֆեյսբուքում։

Զանգիր Ինձ
+
Զանգիր Ինձ